Armenia / Հայաստան

Երևանի ռադիոյին մի անգամ հարցնում են.

-Ճի՞շտ է, որ կոմունիստ պրն Պողոսյանը փողոցում 1000 դոլար է գտել։

-Այո՜։ Միայն… ոչ թե պրն Պետրոսյանը, այլ տկն Մարտիրոսյանը։ Ոչ թե՝ $1000, այլ՝ $10։ Ոչ թե գտել է, այլ կորցրել է։ Ոչ թե փողոցում, այլ կազինոյում։ Ոչ թե կոմունիստ, այլ նացիոնալիստ։ Մնացածը միանգամայն ճիշտ է։

Խորհրդային ժամանակների երևանյան ռադիոյի այս հին կատակը լավագույն կերպով արտացոլում է այն հիմնական մարտահրավերները, որոնք ծառացած են հայկական մեդիա դաշտի առաջ այսօր․ ապատեղեկատվության բարձր մակարդակ և քաղաքական բևեռացում: 

Երկիրը 2018 թվականից ի վեր առաջընթաց է գրանցել ժողովրդավարության զարգացման հարցում, ասվում է ԵԽ խորհրդարանական վեհաժողովի «2022 թ. Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» զեկույցում։ ԶԼՄ-ների մասին նշված է, որ «Հայաստանում վերջերս տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ Covid -19 համաճարակը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ստիպեցին իշխանություններին ժամանակավոր սահմանափակել լրագրողների անկախությունը և խոսքի ազատությունը»։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեդիա կազմակերպությունների թիվը տվյալների ցանկում․
19
Կազմակերպության տեսակը
  • Շահույթ հետապնդող (առևտրային)․ 15.8%
  • Շահույթ չհետապնդող (ոչ առևտրային)․ 68.4%
  • Համակցված․ 15.8%
  • Դեռևս չգրանցված․ 0.0%
Հիմնադիրների սեռը
  • Արական․ 46.3%
  • Իգական․ 53.7%
Ծածկույթի տեսակը
  • Հիպերլոկալ (միայն տեղական). 0
  • Միջազգային. 16
  • Տեղական. 0
  • Համապետական (ազգային). 2
  • Տարածաշրջանային. 1

Համաճարակի, տնտեսական անկայունության, ապատեղեկատվության և պատերազմի հետևանքով առաջացած «Մեդիայի մարում» անունով իրավիճակին զուգահեռ ի հայտ են եկել մեծ թվով նոր տեսակի անկախ լրատվամիջոցներ:

Մինչ վերջին տասնամյակում ավանդական լրատվամիջոցները շարունակաբար կրճատում են իրենց աշխատակիցների թիվը, Եվրոպայում ծնվում են տեղական առցանց լրատվամիջոցներ՝ զբաղեցնելով տեղեկատվական դատարկ խորշերը, գրավելով չկողմնորոշված լսարանը և կիրառելով կենսականորեն անհրաժեշտ տեղեկությունների փոխանակման նոր եղանակներ։

Մեր հետազոտությունն իրականացրած ավելի քան 40 երկրներում, չնայած քաղաքական, տնտեսական և լեզվական տարբերություններին, Project Oasis-ի տվյալների ցանկում ներկայացված 540 առցանց մեդիա կազմակերպություններն ունեն բազմաթիվ ընդհանուր խնդիրներ և հնարավորություններ:

Մեր հարցման արդյունքներից են հետևյալ հիմնական բացահայտումները․

  • Առցանց լրատվամիջոցներն օգտագործում են սոցիալական ցանցերը՝ թիրախավորելով երիտասարդ լսարանին, նորությունների թարմացումներ են ուղարկում Telegram-ի միջոցով՝ գրաքննությունից խուսափելու համար և պատրաստում են քաղաքացիական լրագրողներ՝ լրատվական դաշտից դուրս մնացած համայնքներ հասնելու նպատակով։
  • Ավելի քան 85%-ն ասել է, որ հասարակության և մարդու իրավունքների խնդիրներն իրենց լուսաբանման առանցքային ոլորտներն են՝ ներառյալ միգրացիային, փախստականներին, գենդերային հարցերին և ֆեմինիզմին առնչվող թեմաները:
  • Լրատվամիջոցների ավելի քան 50%-ը ռեսուրսներ է հատկացնում լրագրողական հետաքննությունների համար, իսկ շատերը համագործակցության դաշինքներ են կազմում՝ արտերկրում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու համար։
  • Այս զեկույցում ներկայացված լրատվամիջոցների հիմնադիրների ավելի քան 58%-ը կանայք են։ Նրանք ակտիվորեն համագործակցում են միմյանց հետ։ Շատ լրատվամիջոցներ ունեն երկու կամ ավելի համահիմնադիրներ։
  • Այն լրատվամիջոցները, որոնց աշխատակազմերում ընդգրկված են և՛ տղամարդիկ, և՛ կանայք, ամենաբարձր եկամուտներն են գրանցել՝ տարեկան միջինը 509․740 եվրո:
  • Բիզնես ծրագրերի զարգացման մեջ ներդրումներ կատարող լրատվամիջոցներն ավելի կայուն կազմակերպություններ են դառնում: Պարզվել է, որ եկամուտների ավելացման հարցերով զբաղվող առնվազն մեկ աշխատակից ունեցող լրատվամիջոցները ստանում են վեց անգամ ավելի բարձր միջին տարեկան եկամուտ, քան նման աշխատակից չունեցողները․ 598․539 եվրո՝ 95․629 եվրոյի դիմաց:
  • Այս հետազոտության մեջ ընդգրկված լրատվամիջոցների կեսից ավելին շահույթ չհետապնդող (ոչ առևտրային) կազմակերպություններ են, իսկ շահույթ հետապնդող (առևտրային) կազմակերպություններից շատերը ներդրումներ են կատարում ավելի շատ լրագրության զարգացման ուղղությամբ, քան՝ շահույթ ստանալու նպատակով:
  • Շահույթ չհետապնդող լրատվամիջոցների համար եկամտի առաջնային աղբյուրներ են հանդիսանում համապատասխանաբար դրամաշնորհները, անհատական նվիրատվությունները և բաժանորդագրությունը: Շահույթ հետապնդող լրատվամիջոցների համար եկամտի հիմնական աղբյուրներ են հանդիսանում գովազդը, կայքի բաժանորդագրությունները և դրամաշնորհները:
  • Եկամտի աղբյուրների բազմազանությունը կարևոր գործոն է, սակայն եկամտի տարբեր աղբյուրների առատությունն ու բազմազանությունը չեն նպաստում ավելի մեծ հաջողության հասնելուն: Կայունության և անկախության համար իրատեսական է եկամտի երկուսից վեց աղբյուրների հետևելը։ 
  • Տեղական առցանց լրատվամիջոցների միջակայքը բազմազան է՝ սկսած նվիրյալների կողմից ղեկավարվող և համայնքային կյանքը լուսաբանող փոքր ստարտափներից մինչև բարձր շահութաբերություն ունեցող, բազմապիսի հարթակներում ներկայացված ընկերություններ, որոնք ամեն ամիս ապահովում են էջերի միլիոնավոր դիտումներ՝ տարեկան միլիոնավոր եվրոների եկամուտով։ 
  • Այս հետազոտության մեջ ներառված լրատվամիջոցների կեսից ավելին սկսել է գործել վերջին տասնամյակում, սակայն կան նաև այնպիսինները, որոնք շուկայում են ավելի քան 20 տարի: Ամենաշատ թվով լրատվամիջոցներ հիմնադրվել են 2016 թվականին։

Կայուն զարգացում ապահովելը դժվար է, և հաջողության հստակ բաղադրատոմս չկա: Այնուամենայնիվ, մեզ հետ զրուցած շատ լրատվամիջոցների ղեկավարներ հաստատում են, որ հնարավոր է գտնել անհրաժեշտ աջակցություն՝ իրենց համայնքներին ծառայելու համար:

«Ոչ մի օլիգարխ, ոչ մի վճարովի բովանդակություն: Միայն ձեր նվիրատվությունները և մեր աշխատանքը»,— այս կարգախոսով է առաջնորդվում չեխական Deník Referendum կազմակերպությունը, որը հիմնադրվել է 2009 թվականին: Գլխավոր խմբագիր Յակուբ Պատոչկան մեզ պատմեց իր մեթոդի մասին. «Այն ընթերցողները, որոնք ցանկանում են մեր հոդվածների տակ բանավիճել [մեկնաբանությունների բաժնում քննարկումների մասնակցել]՝ վճարում են: Այս մոտեցումը համեստ եկամուտ է ապահովում, նաև օգնում է խթանել բանավեճերը»:

Բաժանորդների ներդրումների միջոցով ֆինանսավորվող մեդիա ընկերությունները հետաքրքիր մոդել են մեր տվյալների ցանկում: Բրիտանական The Bristol Cable ընկերության բաժանորդները միաժամանակ նաև «ժողովրդավարական բաժնետերեր» են, ինչը նշանակում է, որ նրանք կարող են մասնակցել կազմակերպության տարեկան ընդհանուր ժողովներին, քվեարկության իրավունք ունեն խմբագրական որոշումներ ընդունելիս, և մասնակցում են ընկերության կառավարման խորհրդակցական մարմինների ընտրություններին։ 

Մեր տվյալների ցանկում ներառված մեդիա ընկերությունների մեծ մասը հիմնվել է լրագրողների կողմից՝ հաճախ սահմանափակ ռեսուրսներով և բիզնեսի պակաս փորձառությամբ, բայց չնայած այս (և բազմաթիվ այլ) խնդիրների՝ նրանցից շատերն ասում են, որ աճ են ակնկալում առաջիկա տարիներին:

Որոշ կազմակերպություններ բավական հայտնի են մեդիա ոլորտում աշխատող լսարանին, բայց կարծում ենք, որ Եվրոպայում բացահայտած մեր բազմաթիվ ոգեշնչող օրինակներում դուք մի քանի անակնկալ կգտնեք: Ամեն դեպքում, մենք չենք պնդում, որ Project Oasis-ի այս առաջին թողարկումն անդրադաձել է այն բոլոր լրատվամիջոցներին, որոնք տեղ ունեն մեր եվրոպական տվյալների ցանկում:

Այս հետազոտության շատ բացահայտումներ համադրելի են նախկինում մեր կողմից իրականացրած այլ հետազոտական նախագծերի հետ, ուստի հաջորդ զեկույցում ավելի խորը կդիտարկենք վերը նշված բոլոր հիմնական բացահայտումները՝ ավելի լայն համատեքստ և համեմատության կետեր ապահովելու համար:

Այս հետազոտական նախագիծն իրականացվել է մի մեթոդաբանության կիրառմամբ, որը մենք մշակել ենք SembraMedia-ում 2015 թվականին, երբ սկսեցինք փնտրել լրատվամիջոցների համանման տեսակներ Լատինական Ամերիկայի, Իսպանիայի և Միացյալ Նահանգների իսպանախոս համայնքներում: 2022 թվականից սկսած, Project Oasis-ի մեկնարկից ի վեր այս նախագծի վրա աշխատել է ավելի քան 60 մարդ, այդ թվում՝ տեղական փորձ ունեցող 34 հետազոտող։ Աշխատակիցները հետազոտություններ և վերլուծություններ են կատարել, հարցազրույցներ անցկացրել ավելի քան 30 լեզուներով:

Կարևոր է նշել, որ այս զեկույցը և մեդիա կազմակերպությունների տվյալների ցանկը չեն արտահայտում Եվրոպայի բոլոր անկախ, առցանց լրատվամիջոցների ավարտուն, սպառիչ պատկերը: Մենք հուսով ենք, որ սա մեր շարունակվող հետազոտական ծրագրի միայն առաջին քայլն է, որը զարգացումներ կունենա։ 

Մենք ոգեշնչված ենք նորարարությամբ, վճռականությամբ, խիզախությամբ և մրցանակների արժանացած լրագրողական աշխատանքով, որ կատարել են լրատվամիջոցների ղեկավարները և իրենց զբաղված օրակարգից պատրաստակամորեն ժամանակ են հատկացրել՝ մեր հետազոտողների հետ զրուցելու համար:

Ինչպես տեսանք նախորդ հետազոտությունների փորձից, Project Oasis-ի տվյալների ցանկում ներկայացված մեդիա կազմակերպությունների գործունեության ուղղությունների և տեսակների ընդգծումը կարող է օգնել այդ լրատվամիջոցների ղեկավարներին գիտելիքներ փոխանակել, համագործակցել, առավել ճանաչելի դառնալ և ավելի լավ ներկայանալ այն կազմակերպությունների շրջանում, որոնք կարող են տրամադրել կենսականորեն անհրաժեշտ աջակցություն՝ ստեղծելով աշխատանքը շարունակելու նոր հնարավորություններ։

Մամուլի ազատություն

Հայաստանն այժմ վերականգնվում է համաճարակի հետևանքներից, սակայն անվտանգության և տարածքային ամբողջականության խնդիրները հասարակության և լրատվամիջոցների հիմնական մտահոգությունն են։ Հայկական մեդիա շուկան ապրում և գործում է երկու հիմնական հովանիների տակ․ ինքնակարգավորում և օրենսդրություն: 

Առաջինի դեպքում էական է ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը (MEO), որը հիմնադրել է Երևանի մամուլի ակումբը ոլորտի գործընկերների և անհատների հետ համատեղ՝ մասնագիտական էթիկայի նորմերը պահպանելու նպատակով: Անհատները և կազմակերպությունները կարող են դիմել ԶԼՄ Դիտորդ մարմնին և ստանալ մեդիայի հրապարակումների վերաբերյալ եզրակացություններ կամ որոշումներ: Այս կազմակերպությունները նաև մասնագիտական վերապատրաստման և կրթական տարբեր հնարավորություններ են ընձեռում ամբողջ հայկական մեդիա շուկայի համար։

Երկրորդի դեպքում մեդիա դաշտի հիմնական օրենսդրական կարգավորողներն են «Զանգվածային լրատվության մասին» օրենքը (2003թ.) և «Տեսալսողական մեդիայի մասին» (2020թ.) օրենքը։ Համաձայն երկրի սահմանադրության և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը կարգավորում է թվային մուլտիպլեքսի և հեռարձակման լիցենզավորման մրցույթները։ 

2021 թվականին այս մրցութային գործընթացը որոշ լրատվամիջոցներ դատարանում վիճարկել են՝ հայց ներկայացնելով հանձնաժողովի որոշման դեմ։ 

Շուկայի կառուցվածքը և գերակա ուղղությունները

Հայաստանի մեդիա դաշտը շատ ավելի մեծ է, քան 28 հեռուստատեսային և 34 ռադիոալիքները, որոնց գործունեությունը կարգավորվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով: Հայաստանում տեղեկատվության երկրորդ ամենահաճախ օգտագործվող աղբյուրը ինտերնետն է։ Ըստ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի 2019 թվականի հետազոտության՝ YouTube-ը և Facebook-ը Հայաստանի երկու ամենահայտնի ցանցերն են, որոնց հաջորդում է Instagram-ը։ Ավանդական լրատվամիջոցների հրապարակումների միգրացիան դեպի ինտերնետ տիրույթ, ինչպես նաև տեղական առցանց լրատվամիջոցների ավելացումը կտրուկ փոխել են մեդիա շուկան և նշանակալի ազդեցություն ունեն խոսքի ազատության վրա: 

Ավանդական լրատվամիջոցները մեծ ջանքեր են ներդրել վերակազմավորվելու և իրենց դիրքերը որպես տեղեկատվության աղբյուր պահպանելու համար: Սակայն լրատվամիջոցների անկախության մասին պատկերացումներն աստիճանաբար ուղղվել են դեպի առցանց մեդիա դաշտ։ Նոր տեխնոլոգիաները և բջջային ինտերնետի մատչելի սակագները խթանել են քաղաքացիական լրագրության և սոցիալական մեդիայի զարգացումը։ 

Այս իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերել կեղծ լուրերի դեմ պայքարի և մեդիա գրագիտության մակարդակի բարձրացման հարցում։ Փորձագետները և մեդիա ոլորտի առաջատար հասարակական կազմակերպությունները (ՀԿ-ները) կարծում են, որ այս հարցը ինքնակարգավորման թեմա է և չպետք է իշխանությունների կողմից օգտագործվի որպես օրենսդրական փոփոխությունների հիմնավորում։ Հասարակական կազմակերպությունները, ինչպիսիք են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Հանրային լրագրության ակումբը և Երևանի մամուլի ակումբը, հաջողությամբ իրականացնում են մեդիա գրագիտության ծրագրեր լրատվամիջոցների, նաև՝ հասարակության տարբեր խավերի թիրախային խմբերի համար:

Ինչպես են ֆինանսավորվում լրատվամիջոցները

Ապատեղեկատվությունը, կեղծ լուրերը և էթիկական խնդիրները սերտորեն կապված են հայկական լրատվամիջոցների ֆինանսավորման հետ, հատկապես եթե նկատի ունենանք եկամուտների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Լրատվամիջոցների սեփականատերերի թափանցիկությունն ապահովելու օրենսդրական դաշտը մշակման փուլում է 2021 թվականից: Հայաստանում գործող հայկական Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ն (FOICA) և գործընկերները ակտիվորեն առաջ են մղում այս հարցը: 

Լրատվական դաշտի ֆինանսական և տնտեսական կայունությունը կապված է երկրի ընդհանուր քաղաքական անկայունության, ինչպես նաև լրատվամիջոցների եկամտի բազմազան աղբյուրների բացակայության հետ: Մեդիա կազմակերպությունների մի քանի մենեջերներ նշում են, որ իրենք ապահով չեն երկարաժամկետ ֆինանսական կայունության հարցում: Նման լրատվամիջոցների լիարժեք քաղաքական անկախությունը ապահովվում է միջազգային կազմակերպությունների և կառավարությունների դրամաշնորհների միջոցով:

Ցուցակում ներառված են Հայաստանի 19 առցանց լրատվամիջոցների ամփոփ տվյալները: Այս լրատվամիջոցները հետաքրքիր և յուրահատուկ մոտեցումներ ունեն մարդու իրավունքների և «տաբու» թեմաների լուսաբանման հարցում, ասենք՝ բանակի, կոռուպցիայի, թափանցիկության: Նրանք նաև ներդրել են նոր մեդիա մասնագիտացումներ, այդ թվում՝ փաստերի ստուգում, մուլտիմեդիա լրագրություն, հետաքննական լրագրություն, տվյալների լրագրություն և այլն: Հատկանշական է, որ բոլոր 19 մեդիա կազմակերպությունները հայաստանյան առցանց մեդիա դաշտում ունեն շուկայավարման և ստեղծագործական մոտեցման ուրույն տեղ, դինամիկ են, զարգացող։ Այս 19 մեդիա կազմակերպություններից մի քանիսն իրենց էջերի դիտումների քանակով «պրեմիեր լիգայում» չեն, բայց առաջընթաց ունեն թվային պատմությունների նոր մեդիա ձևաչափեր ստեղծելու, թափանցիկ ֆինանսավորման և խմբագրական անկախության միջև հավասարակշռություն պահպանելու հարցերում: 

Դրանք նաև ներկայացնում են հայկական առցանց մեդիայի լրատվամիջոցների ժամանակի գիծը՝ սկսած Panarmenian.net-ից, որը ինտերնետային լրագրության վաղ ժամանակների ավանգարդներից է, մինչև նորեկ Xirat-ը, որը եզդիերեն լեզվով լուսաբանում է Հայաստանում ազգային փոքրամասնությունների հարցերը: 

«Մենք պետք է շուկայում գոյատևման նոր բիզնես հնարավորություններ գտնենք: Լրագրողական հետաքննությունը ոչ միայն ռիսկային, այլև շատ թանկ ժանր է դարձել։ Ժամանակակից գործիքներն ու տեխնոլոգիաները փող են պահանջում, կադրերի վերապատրաստումը երկար է տևում և մասնագիտության մեջ ներդրումների կարիք կա»,- ասում է «Հետք» հետաքննական լրատվամիջոցի տնօրեն Քրիստինե Բարսեղյանը։

Ընդհանուր առմամբ, այս 19 տեղական առցանց լրատվամիջոցների ֆինանսավորման աղբյուրները նման են համաշխարհային մեդիա շուկայի աղբյուրներին՝ ծառայություններ, ազգային և տեղական գովազդ, մոնետիզացիա և դրամաշնորհներ: Մասնավորապես, երկարաժամկետ մեդիա նախագծերը, փաստերի ստուգման նախաձեռնությունները և զգայուն թեմաների լուսաբանումը դեռևս կախված են դրամաշնորհներից:

Առայժմ հայկական առցանց լրատվամիջոցները օգտագործում են բոլոր հնարավորությունները՝ պահպանելով թեմայի և արժանահավատության ուրույն տեղը մեծ և հիմնական լրահոսում, ինչպես նաև գտնելով հավասարակշռության մի աստիճան բացառիկության, տարածվածության և լսարանի պահանջների միջև:

Վերջին թարմացում: Հունվար 2023